Բաց նամակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տարոն Մարգարյանին
Թեև գրագրության էպիստոլյար ժանրը ինձ համար երբեք նախընտրելի չի եղել և միշտ գերադասել եմ ժանրի հանդեպ լինել ընթերցողի դերում, բայցևայնպես, հանգամանքների բերումով որոշեցի հաղորդակցվել Ձեզ հետ հենց այդ միջոցով։ Նշված «հանգամանքները», ի դեպ, ոչ տեխնածին են, ոչ էլ բնածին։ Դրանք Ձեր կողմից իրականացվող սցենարա–ռեժիսորական գործունեության դրսևորումներն են։
Տողերիս հեղինակը ՀՀ ԳԱԱ–ի Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանն է։ Մասնագիտությամբ քիմիկոս եմ, 1985-ին ավարտել եմ Երևանի Պետական hամալսարանի քիմիական ֆակուլտետը, ընդունվել եմ Մոսկվայի Ն.Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղից հեռացվել եմ 1988-ին Ղարաբաղյան Շարժմանը մասնակցելու պատճառով։ Նույն թվականի ամռանը վերադարձել եմ Հայաստան, աշխատանքի եմ անցել ՀՀ ԳԱԱ վերոնշված ինստիտուտում: Դրանից հետո հիմնականում զբաղվել եմ գիտական գործունեությամբ, հեղինակ եմ մոտ ութսուն գիտական հրապարակումների։ 1991 և 1994 թթ. Արցախում մասնակցել եմ մարտական գործողությունների: 1994 –ի մայիսի 3 –ին վիրավորվել եմ մարտի ժամանակ` Արցախի Թալիշ գյուղից արևելք գտնվող բլուրների վրա։
Քաղաքական և հասարակական շարժումներին չեմ մասնակցում (նույնիսկ քաղաքային տրանսպորտի թանկացման Ձեր տխրահռչակ որոշման դեմ չեմ բողոքել): Բացառություն է միայն Մաշտոցի պուրակի քաղաքացիական ակցիան` եղել եմ դեղին սաղավարտավորների կազմում։
Այս ամենը, սակայն, կարծում եմ Ձեզ ոչինչ չի ասում, քանի որ չեմ կարող թվարկել Ձեզ համար ավելի ճանաչելի հասկացություններ, ինչպես օրինակ՝ «գիծ» կամ «բուտիկ», այն պարզ պատճառով, որ դրանցից չեմ ունեցել, չունեմ և հաստատ չեմ ունենա։
Որպեսզի, համենայնդեպս, Ձեզ համար ընկալելի լինի իմ ով լինելը, ասեմ. ես պատիվ ունեմ լինել Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի նստացույցի նստած, քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի հայրը։