Страницы

среда, 5 июня 2013 г.

Թռիչքներ երազում եւ արթմնի .Նավասարդ Կճոյանի երազը

Նավասարդ Կճոյանի երազը
Ինքը նոր նշանակում է ստացել։ Օֆշորահայոց թեմի առաջնորդական փոխանորդն է (նստավայրը` Կիպրոս)։ Համակարգչի առջեւ նստած` ուսումնասիրում է մարդկային մեղքերը (որպեսզի ավելի լավ պայքարի դրանց դեմ), ու հենց այդ պահին էլ հեռախոսը զանգում է։

Պարզվում է` Հայաստանում ինչ-որ վարչապետի են ձերբակալել, ու հիմա իրեն կանչում են Երեւան` առերեսման։
«Զվարթնոց» օդանավակայանում իջնում է ինքնաթիռից, VIP սրահի հանդերձարանում շորերը փոխում, վրան գցում եկեղեցականի սեւ սքեմը, դուրս գալիս ու նստում «Բենթլիի» ղեկին։ Սովորության համաձայն` անմիջապես միացնում է ջի-փի-էս նավիգատորը։ «Առաջ գնա եւ ահյակ թեքվիր, որդյակս», լսվում է նավիգատորի ձայնը... Մի քսան րոպեից հասնում է դատախազություն։ «Վերջ, տե՛ղ հասար, որդյակս։ Լա՛վ իմաստով», ասում է նավիգատորը...
Բարձրանում է երկրորդ հարկ։ Այնտեղ իրեն դիմավորում են եւ ուղեկցում  մի սենյակ, որտեղ արդեն պատի տակ շարված են իր նման հինգ-վեց հոգեւորականներ։ Սովորական քննչական  գործողություն է. վարչապետից քցված բիզնեսմեններից մեկը պիտի այդ հինգ-վեց հոգուց ճանաչի նրան, ով մասնակցել է քցելու պրոցեսին։ Ահա բիզնեսմենը դանդաղ անցնում է շարքի առջեւով... Ահա կանգնում է իր առջեւ... «Սա՛ է», ասում է ու մատով ցույց տալիս իրեն... «Վստա՞հ եք», հարցնում է քննիչը։ «Իհարկե վստահ եմ, միայն սրա հագի սքեմն է Պիեռ-Կարդեն», պատասխանում է տուժածը։ Ինքը զգում է, որ ծնկները ծալվում են, ու հայացքը մշուշվում է...
Մշուշի միջից նկատում է, որ դանդաղ ու հանդիսավոր քայլերով իրեն է մոտենում Գաբրիել հրեշտակապետը` աջ ձեռքի ցուցամատին ինչ-որ փայլուն մետաղյա օղակ պտտացնելով։ «Էս երեւի դրախտի ու դժոխքի բանալիներն են», մտածում է ինքը ու ժպտալով մոտենում նրան. «ախպեր, ձեռներս քարի տակ չի, հաշվեհամարդ ասա` ուրիշ բանի հետ գործ չունես»։ Ու նույն պահին էլ սոսկումով նկատում է, որ դիմացինը ոչ թե Գաբրիել հրեշտակապետն է, այլ սովորական քննիչ, մատին էլ սովորական ձեռնաշղթաներ է պտտեցնում։ Սուսուփուս, գլուխը կախ գնում է նրա հետեւից։ Քննիչը բացում է խցերից մեկի դուռը։ «Արի, արի, աչքիս` էս կամեռում էլ ենք էրկուսով փայատեր», խեղճացած ժպտում է Տիգրան Սարգսյանը...
Արթնանում է եւ արագ-արագ փնտրում Եփրեմվերդին, որ երազը մեկնաբանի...
Երազահան  ըստ Չորրորդ Իշխանություն