Страницы

четверг, 28 февраля 2013 г.

Ի պատասխան կարծրատիպային մտածողության տեր հերթական մտավորականին...


Ի պատասխան կարծրատիպային մտածողության տեր հերթական մտավորականին...
Հայաստանի պետական կամերային
նվագախմբի գեղարվեստական ղեկավար
և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանին

Հարգելի պարոն,
Առավոտ օրաթերթի հետ հարցազրույցում` 27.02.2013թ., նշել եք, որ «Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր»: Խորապես ցավում ենք, որ դուք, լինելով երաժիշտ և Ձեզ համարելով մտավորական, Ձեզ թույլ եք տալիս ոչ կոռեկտ արտահայտվել հաշմանդամություն ունեցող անձանց հասցեին` նրանց պիտակելով, որպես «անլուրջ», դրանով իսկ նպաստելով հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ ճիշտ պատկերացումների ձևավորմանը: Մենք կոչ ենք անում հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին` ուշադիր լինել իրենց արտահայտություններում և ոչ ճիշտ արտահայտված մտքերով չձևավորել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սխալ պատկերացումներ:
Չգիտեմ` որքանով եք տեղյակ, բայց որպես երաժիշտ, պետք է, որ տեղյակ լինեիք հաշմանդամություն ունեցող այնպիսի համաշխարհային մեծությունների մասին, ինչպիսիք են`Լյուդվիգ Վան Բեթովենը, Անդրեա Բոչելլին, Ռեյ Չառլսը, նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն և այլոք, որոնք երաժշտության ոլորտում իրենց մեծ ու անուրանալի ներդրումն են ունեցել:


Փաստորեն, վերը թվարկված երեժիշտները` ըստ Ձեզ «անլուրջ» են, քանի որ ունեցել են հաշմանդամություն: Դուք հակասում եք ինքներդ Ձեզ, քանի որ հարցազրույցում նշել եք, որ «եթե երաժշտությունը լավն է, կապ չունի, թե ով է գրել»:

Հարգելի պարոն, ի գիտություն Ձեզ, տեղեկացնում ենք, որ ոչ միայն երաժշտության ասպարեզում են եղել, կան ու կլինեն հաշմանդամություն ունեցող համաշխարհային ճանաչում ունեցող անձինք, այլև գիտության տարբեր ասպարեզներում:
Ես` լինելով 1-ի կարգի հաշմանդամ, ունենալով տեսողական խնդիր, իմ և ամբողջ աշխարհի հաշմանդամություն ունեցող անձանց անունից, որոնց համարում եք «անլուրջ», ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ Ձեզ, որ ավելի լավ է լինել կույր, խուլ, համր ֆիզիկապես, քան հոգով, քանի որ հոգով կույր, խուլ, համր մարդ կոչվածից, որևէ բանական և մարդասիրական մոտեցում հնարավոր չէ ակնկալել որևէ մեկի նկատմամբ:
Ցավալի և ամոթալի է այն հանգամանքը, որ 21-րդ դարում դեռևս կան իրենց մտավորական համարող այնպիսի անձինք, որոնք առաջնորդվում են կարծրատիպերով, մինչդեռ, որոնք առաջին ջատագովները պետք է լինեին այդ կարծրատիպերի վերացմանը:
Եթե դուք լավատես եք, ինչպես նշում եք` «Ես լավատես եմ, անհնարին կլիներ առաջ գնալ, եթե մտածեի, թե դիմացս փոս է», ապա հաշմանդամություն ունեցող անձինք Ձեզանից երիցս լավատես են, քանի որ անհրաժեշտության դեպքում նրանք հաղթահարում են իրենց առջև բացված ոչ միայն փոսերը, այլ նաև անդունդները և առաջ են գնում:
Իրոք, իրավացի եք, ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի իր հետ և ուրեմն ամեն օր աղոթեք Աստծուն, որ Ձեզ հետ ոչինչ չպատահի, հանկարծ հաշմանդամություն ձեռք չբերեք, թե չէ ըստ Ձեզ «կանլրջանաք» և Ձեր մասնագիտական ունակությունները Ձեզ պես մտածողների կողմից կհամարվեն «անլուրջ» :

Հ. Գ. Ձեզանից ուղիղ պատասխան ակնկալելով` հարցնում ենք, թե կույր, խուլ, համր և, ընդհանրապես, հաշմանդամություն ունենալը ի՞նչ կապ ունի անձի լրջության հետ:



«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի
պաշտպանության ազգային դաշինք¦
իրավաբանական անձանց միություն,
գործադիր տնօրեն
Մ.Վասիլյան

Комментариев нет:

Отправить комментарий